Հետիոտները ևս կտուգանվեն՝ ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջների տարբեր խախտումների համար․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ 131-րդ հոդվածը սահմանում է հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը: Այսպիսով.
- Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:
- Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
- Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
- Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
- Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով:
- Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:
- Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:
նյութի աղբյուրը Իրավաբան.net